Զգուշացե՛ք սոցիալական ցանցերից

   Զգուշացե՛ք, չլինի թե մեկը ետ մնա Աստծո շնորհից. չլինի որ մի դառնության
արմատ՝ բուսնելով ձեզ նեղի, և դրանով շատերը պղծվեն: Եբրայեցիս 12.15
   Ժամանակակից կյանքում, կապված ինտերնետի լայնածավալ օգտագործման հետ, մարդկանց շփման համար առաջ եկան նորանոր հնարավորություններ, այնպիսի հնարավորություններ, որ նույնիսկ պատկերացնել չէինք կարող: Դրանից ելնելով հատկապես քրիստոնյաները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց հոգու մաքրությունը և հավատքը, պետք է շատ զգուշանան:
   Ըստ վիճակագրության՝ սոցիալական ցանցերից (Facebook, одноклассники և այլն) օգտվում է ինտերնետից օգտվողների 82-տոկոսը: Հիմնականում կարելի է առանձնացնել սոցցանցերից օգտվելու երկու կողմ:
   Առաջին դեպքում մարդիկ շփվում են հարազատների, համադասարանցիների, ընկերների հետ և ինֆորմացիա են փոխանակում:
   Երկրորդ դեպքում արտահայտվում է մարդու մտածելակերպը, ներաշխարհը, զգացմունքները, արժեքային համակարգը, այն ամենը, ինչը թանկ է մարդու համար:
   Կարող ենք միանշանակ ասել, որ սոցիալական ցանցերն ունեն իրենց վնասները: Օրինակ՝ երբ խոսում ենք թմրամոլության, հարբեցողության մասին, յուրաքանչյուր ոք հասկանում է, որ դա քայքայում է մարդու կյանքը, առողջությունը: Սոցցանցերի դեպքում վտանգը պարզ չի երևում, և շատ մարդիկ, նույնիսկ քրիստոնյաները, չեն կարողանում կամ չեն ուզում ընդունել դրա վտանգը: Փորձենք հասկանալ այն հիմնական խնդիրները, որոնք վնաս են հասցնում մեր հոգևոր վիճակին:
   1. Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցցանցերում: Իսկ միգուցե դուք մի քանի ցանցերո՞ւմ եք գրանցված: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով սոցցանցերում ժամանակը շատ աննկատ և արագ է անցնում: Մարդը նստում է հինգ րոպեով, բայց ամենաքիչը կես ժամ է կորցնում: Աստվածաշունչն ասում է. «Նայեցե՛ք, որ զգուշությամբ քայլեք, ոչ թե անմիտների նման, այլ՝ իմաստունների, ժամանակը ծախո՛ւ առեք, որովհետև օրերը չար են: Դրա համար էլ անմիտ մի՛ եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5.15-17):
   2. Սոցցանցի միջոցով աշխարհն իր արժեքային համակարգն ու իր տեսակետն է հրամցնում ու ներդնում մարդու մեջ: Առաջին Հովհաննու 2.15-17-կարդում ենք. «Մի՛ սիրեք աշխարհը, ո՛չ էլ այն, ինչ աշխարհի մեջ է: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհում է՝ մարմնականի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի հպարտությունը, ոչ թէ Հորից է, այլ՝ աշխարհից: Աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծո կամքը, հավիտյան կմնա»:
   Աստված Իսրայելի ժողովրդին շատ հաճախ ասում էր, որ առանձնանան իրենց շրջապատող ժողովրդից: Մենք պետք է մեզ շրջապատող մարդկանց մեջ լույս լինենք՝ առանց խառնվելու նրանց անպտուղ գործերին:
   3. Սոցցանցերն սպանում են կենդանի շփումը: Երիտասարդներն ավելի հաճույքով ժամանակ են անցկացնում տանը, համակարգչի առջև, քան միմյանց հետ կենդանի, առերես շփվելով: Հիմա շատ երեխաներ պահմտոցի չեն խաղում, քանի որ գերադասում են համակարգչային խաղերը:
   4. Խոսելով սոցցանցերի մասին՝ անհրաժեշտ է նշել այն վտանգը, որն առաջանում է երկու տարբեր սեռերի շփման ժամանակ:
   Ցավով պետք է ասել, որ ըստ վիճակագրության՝ շատ ընտանիքներ քայքայվել են սոցցանցերում անխոհեմ ժամանակ վատնելու պատճառով: Ըստ վիճակագրության արդյունքների՝ Ֆեյսբուքի, Օդնոկլասնիկի և այլ ցանցերի պատճառով ամուսնալուծությունների քանակը հասել է 40-50 տոկոսի: Պատանիները և երիտասարդները կայքերում խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասին դեմ առ դեմ կամաչեին խոսել:
   5. Սոցցանցը և վիրտուալ շըփումը առաջացնում են հոգեկան կախվածություն: Այս մասին բարձրաձայնում են գիտնականները: Նրանք առաջարկում են այդպիսի կախվածությունից ազատվելու համար բացել վերականգնողական կենտրոններ: Հաճախ ցանցերն այնպես են գրավում երիտասարդներին, որ նրանք կարող են իրենց ամբողջ ժամանակը անցկացնել ցանցում՝ մոռանալով նույնիսկ քնելու կամ ուտելու մասին, իսկ քրիստոնյաները՝ աղոթելու և Սուրբ Գիրք կարդալու մասին: «Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ: Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես ոչ մի բանի իշխանության տակ պիտի չլինեմ» (Ա Կորնթ. 6.12): Իսկ գիտե՞ս արդյոք, որ սոցցանցերից ամբողջովին դուրս գալ հնարավոր չէ, վերականգնելու դեպքում կայքը ձեր բոլոր տվյալները վերականգնում է:
   «Քաղցրությամբ խրատելով իրենց հակառակողներին, որ թերևս Աստված ապաշխարություն տա նրանց՝ ճշմարտությունն ընդունելու» (Բ Տիմ. 2.25-26):
   Սիրելինե՛ր, հորդորում ենք ձեզ հեռու մնալ սատանայի այդ չափազանց խորամանկ խորհրդից, որ կարող է քայքայել ձեր հոգևոր կյանքը, առողջությունը, ընտանիքը և, որ ամենակարևորն է՝ զրկել հավիտենական կյանքից ու լայն ճանապարհով տանել դեպի արագահաս կորուստ: Այսօր մենք առնչվում ենք սոցիալական ցանցերից տուժած շատերի հետ, որոնք կորցրել են շատ ու շատ բաներ: Տա՛ Աստված, որ այս հորդորանքն սթափեցնի ձեզ, ու ետ կանգնեք սատանայի այդ չար խորհուրդներից:

Ալեքսանդր Մենշիկով
“Слово Христианина” 2/2013
(Բարի Լուր ամսաթերթ)